Գումարի խնայումը շատերի համար ասոցացվում է բարդ հաշվարկների և սահմանափակումների հետ։ Սակայն ֆինանսական գրագիտությունը միայն թվերի մասին չէ. այն նաև ճիշտ վարքագծի և առողջ մտածողության արդյունք է։ Հենց այդ պատճառով մենք առանձնացրել ենք գումարի խնայման 3 ամենաարդյունավետ ձևերը, որոնք ներկայացնում ենք ստորև։
1. Պահել գումարները «մահճակալի տակ»
Իհարկե, բանկը սա բառացի խորհուրդ չի տալիս։ Բայց գաղափարը պարզ է. գումարը պետք է վերահսկվի։ Երբ այն ամբողջությամբ «թաքնված» է քարտերում և թվային հավելվածներում, ծախսերը դառնում են աննկատ։
Ֆիզիկական կամ առանձին հաշվին առանձնացված խնայողությունները ստեղծում են սահման, որը ստիպում է մտածել նախքան ծախսելը։ Այլ կերպ ասած, եթե գումարը տեսանելի է, դուք այն ծախսում եք ավելի խելամտորեն։
2. Մի ամուսնացեք… գոնե առանց ֆինանսական ծրագրի
Այստեղ խոսքը սիրո դեմ չէ, այլ հապճեպ ծախսերի։ Մեծ միջոցառումները, շքեղ արարողությունները և «մի օր է լինում» մոտեցումը հաճախ վերածվում են երկարատև ֆինանսական պարտավորությունների։
Ֆինանսական առողջությունը սկսվում է այն պահից, երբ ֆինանսական ծախսերի հետ կապված ցանկացած քայ՝ լինի դա հարսանիք, ավտոմեքենայի ձեռքբերում կամ արձակուրդի պլանավորում, նախ պետք է հաշվարկվի և միայն հետո իրականացվեն գործընթացներ:
3. Բարիդրացիական հարաբերություններ պահեք ձեր հարևանների հետ
Լավ հարևանը երբեմն ավելի արժեքավոր է, քան զեղչային քարտը։ Փոխադարձ օգնությունը, տեղեկատվության փոխանակումը և պարզապես վստահելի միջավայրը նվազեցնում են անսպասելի ծախսերը։
Բացի այդ, լավ հարաբերությունները հաճախ խնայում են ոչ միայն գումար, այլ նաև նյարդեր, ինչը, ինչպես գիտենք, նույնպես թանկ ռեսուրս է։
Վերջում՝ փոքր, բայց կարևոր եզրակացություն
Գումարի խնայումը չի նշանակում հրաժարվել հաճույքներից։ Այն նշանակում է ընտրել խելամիտ լուծումներ, խուսափել ավելորդ ռիսկերից և մտածել ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա մասին։
Ի վերջո, ամենախելացի ֆինանսական քայլը այն է, որը թույլ է տալիս հանգիստ քնել անգամ եթե ոչ բառացիորեն «մահճակալի տակ պահած» գումարով։